Նորից հիվանդանոց, նորից հիվանդասենյակ, նորից բժիշկների կոնսիլիում՝ հրազենային վիրավորումից առաջացած բարդությունների և փտախտի առաջն առնելու համար, նորից վիրահատարան՝ չորրորդ, վերջին վիրահատությունն իրականացնելու համար:
Զինվորի կյանքը փրկել է պետք:
Մի տարի առաջ նա էլ զենքը ձեռքին Հայրենիքի կյանքն էր ջանում փրկել, այն Հայրենիքի, որի անառակ որդիները դրել էին խաղասեղանին ու տանուլ տվել, տանուլ տվել իր սրբություններով, գերեզմաններով ու եկեղեցիներով, տանուլ տվել 120 000 անմեղ ճակատագրերով և հալածել ամբողջ աշխարհով մեկ:
Խաղացել են ու տանուլ տվել:
Իսկ Հայրենիքն անվերապահ սիրող ու պաշտող, նրա փրկության համար իրենց կյանքը կամավոր զոհասեղանին դնող քաջորդիները պարզապես պայքարում են ապրելու համար, մի ոտնաչափ իրենց տեղն ունենալու այս հողի վրա, պարզապես օդ շնչելու և գոյատևելու համար, որի համար պայքարում են վեհանձն մարդիկ՝ բժիշկները:
Պարզապես Զինվորի կյանքը փրկել է պետք, որն այնքան շատ է ուզում ապրել:
Եվ այդ Զինվորն իմ որդին է...իմ երջանկությունն ու դժբախտությունը, իմ հպարտությունն ու խոցելիությունը, իմ ապրելու ու չապրելու հնարավորությունը...
Եվ ես այդ Զինվորի մայրն եմ, ով ցավը խեղդելու, ցերեկները գոյությունը պահելու համար աշխատում է, իսկ գիշերները գրում, գրում, գրում խելագարի պես՝ մեկ ժանրից մյուսը անցնելով՝ օտար մարդկանց տանը՝ օտարի աչքերին նայելով.. .իսկ իր վիրավոր որդին որտեղ մթնում էր, այնտեղ էլ մնում էր՝ Արցախից բերած իր շան հետ՝ ավտոտնակներում, կիսակառույց կացարաններոմ, որովհետև հաշմված է և աշխատել էլ չէր կարող, որովհետև այս իրականության մեջ արհամարհվում են Հայրենիքի փրկության համար զենք վերցնողները, վիրավորները...
Վերջին պահերին նրա վերքերից հոսող թարախարտադրությունը լիզում էր շունը՝ Գուչին, մի քիչ հանդարտեցնելով ցավը:
Մի տարվա մեջ վեց ժամից ավելի տևող չորս վիրահատություն, նորից նեկրոզ, ոսկորների փտախտ, տիտանների չընդունում օրգանիզմի կողմից ու նորից վիրահատարան ՝ ապրելու վերջին հնարավորության կառչում, բժիշկների՝ ձեռնոց նետելը մահվան, բայց վերջին խոսքը թողնելով Աստծոն...
Վերջին ծանր վիրահատություն, որը տևեց տասնմեկ ժամ, տասնմեկ ժամ պայքար կյանքի և մահվան միջև՝ բժիշկների 4-5 բրիգադաներ:
Վիրահատությունը կատարում էին բժիշկները, բայց ես աղոթում էի Աստծոն:
Տեսնում էի անհանգիստ վազող, իրար փոխարինող բժիշկներին և Աղոթում էի Աստծոն:
ՈՒ երբ տեսնում էի բժշկուհի Աննա Յուրիի՝ ցավի, մտահոգության միջից ճառագող ժպիտը, նրան հավասարացնում էի Մարիամ Աստվածածնին... և ինձ համար աշխարհը պտտվում էր նրա շուրջը:
Դեմքի ներքին ծնոտին փոխարինելու է եկել աջ ոտքի սրունքի բարակ ոլոքը:
Դա վերջին հնարավորությունն է հիվանդին կյանքի կոչելու համար:
Գործում էին անեսթեզոլոգներ, անոթաբաններ, նեյրոխիրուրգներ, դիմածնոտային վիրաբույժներ:
Երանի՜ մեր երկրում բոլորն էլ այս բժիշկների նվիրվածությունն ունենային...
Տասնմեկ ժամ տևած վիրահատությունը բարեհաջող ավարտվեց, մնացածը Աստծո ձեռքերում է:
Ասում են երջանկությունը հարաբերական զգացողություն է, դա պարզապես քո վերաբերմունքն է տվյալ երևույթի հանդեպ:
Դե ուրեմն երջանկությունը ինձ համար այն է, երբ իմ որդու հաշմված դեմքին ծավալվում է ժպիտը, երբ նա հենվելով հենակին, քայլում է, երբ նա վերականգնելով խոսողությունը և հինգ օր սոված մնալուց հետո ասում է.
«Սահակյա՜ն, կյեղած փողերտ տյուս տո, շտահաս խրաված ծյուկունիյա տամ…» և Սահակյանն «առանց դիմադրության» հանում է «կյեղած փողերը»՝ երջանիկ ժպիտում թաքցնելով արցունքները, որովհետև որդու ախորժակը բացվել է և լավացում է գնում՝ մտքում աղոթելով, որ ոչ մի մոր որդու գլխից անգամ մի մազ չընկնի, անգամ թշնամու...
Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված, ես քո նվաստ ծառան, թող քո աջը լինի մեր երեխաների գլխին...
ԱՄԵՆ:
Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
21.10.2024 թ.